May 26, 2018
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Բանակցությունները մեկնաբանում են խորհրդարանների ղեկավարները

Բանակցությունները մեկնաբանում են խորհրդարանների ղեկավարները

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 24 մարտի, 1993թ.

Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի պատվիրակությունը ԳԽ նախագահ Ռուսլան Խասբուլատովի գլխավորությամբ շաբաթ օրը հանդիպում ունեցավ ՀՀ Գերագույն խորհրդում: Ապա երկու խորհրդարանների նախագահների միջև տեղի ունեցան բանակցություններ: Արմենպրեսի թղթակից Ջիվան Բալագյոզյանի խնդրանքով այդ բանակցությունները մեկնաբանեցին:

Բաբկեն Արարքցյան — Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանականների համագործակցությունը բազմակողմ և երկկողմ հիման վրա անգնահատելի է: Ճիշտ է՝ այն հանձնարարական բնույթ է կրում, բայց դրանում շատ խոր իմաստ կա: Իհարկե, ազգային խորհրդարանների գործն է իր օրենսդրությունն ընդունելը, բայց մենք գերազանց հասկանում ենք և այն, որ հարկավոր է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որի վրա կառուցվեն մեր երկրների միջև իրավական և տնտեսական նոր հարաբերություններ ի շահ այն պետականության, որի հիմքերը մենք այսօր դնում ենք:

Մենք քննարկեցինք ինչպես Հայաստանի և Ռուսաստանի միջև, այնպես էլ ԱՊՀ-ի միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակներում խորհրդարանական կապերի խորացման ու ընդլայնման հնարավորությունները: Գիտենք, որ արդեն զարգանում է Սևծովյան երկրների տնտեսական համագործակցությունը, որտեղ նույնպես գոյություն ունի փոխադարձ շահերի լայն ասպարեզ:

Մենք չպետք է խզենք այն կապերը, որոնք եղել են մեր երկրների միջև, հատկապես Ռուսաստանի հետ մշակութային, տնտեսական և հոգևոր կապերը, որոնք ավանդաբար հաստատվել են մեր ժողովուրդների միջև: Կասեմ ավելին՝ մենք բավարարված չենք մեր համագործակցության տեմպերից. դրանք հարկավոր է արագացնել: Պետք է ավելի շատ շփումներ ունենալ բոլոր մակարդակներով: Ես միշտ կմնամ նման դիրքորոշման կողմնակիցը:

Ռուսլան Խասբուլատով — Դրանք օգտակար բանակցություններ էին, մեր համագործակցության համար օգտակար երկու տեսակետից՝ ինչպես ԱՊՀ շրջանակներում բազմակողմ, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջխորհրդարանական երկկողմ կապերի գծով: Մենք համակարծիք ենք այն բանում, որ անհրաժեշտ է ավելի շատ դինամիզմ հաղորդել խորհրդարանական կապերին:

Խորհրդարանների անդամները շատ բան կարող են անել. բարոյական և քաղաքական ազդեցություն գործել անբարենպաստ միտումների վրա, նպաստել տնտեսական մերձեցումներին, երկկողմ հարաբերությունների հանգուցային հարցերի լուծմանը: Տեսեք, թե ինչ է ստացվում. Մենք՝ բոլորս, ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներ ենք, իսկ երբ գործը հասնում է օրենքների ընդունմանը, այդ մասին, չգիտես ինչու, մոռանում ենք՝ ամեն մի երկիր, կարծես ինչ-որ մեկուսանում է մյուսից օրենքների իր համակարգով: Մեր օրենսդրական պրակտիկայի մեջ ենք մտցնում այնպիսի հոդվածներ, որոնք խոչընդոտում են երկրում կատարվող նորացումներին: Հենց այդ նույն նոր ձեռնարկիչներին խանգարում են համագործակցել, զարգացնել իրենց գործարար կապերը, ասենք, ռուսաստանցիներին այստեղ՝ Հայաստանում, հայաստանցիներին՝ Ռուսաստանում: Այսպիսի օրինակներ կարելի է գտնել և օրենսդիրների աշխատանքում: Բայց չէ՞ որ մենք պետք է տնտեսական կապեր իրականացնենք և զարգացնենք նախկին ԽՍՀՄ ամբողջ տնտեսական տարածքում: Բայց դրա համար ամենևին էլ հարկավոր չէ ուժեղացնել հովանավորչական սկզբունքները, այլապես մենք շուկա չենք ստեղծի ոչ երկրի ներսում, ոչ ամբողջ այդ տնտեսական տարածքում: Հիշենք հենց նույն Եվրոպան, ինչի՞ց են նրանք 1957 թվականին սկսել իրենց բարեփոխումները՝ վերացնելով մաքսային խոչընդոտները, սակագները, ապրանքների և սպասարկումների տեղաշարժման արգելքները և այլն: Մենք ևս պետք է գործենք համաձայնեցված և իրար հետ հաղորդակցվելով:

Բայց մենք՝ օրենսդիրներս, բավարար իրազեկ չենք ազգային խորհրդարաններում մշակվող նախագծերին: Այդ իսկ պատճառով, ի շահ մեր երկրների, անհրաժեշտ է Գերագույն խորհուրդների հանձնաժողովների սերտ համագործակցություն՝ իմանալու համար, թե ինչ օրինագծեր են պատրաստվում մեր խորհրդարաններում, ինչ չափով են նրանք համապատասխանում ազգային կամ փոխադարձ շահերին: Դա հավասարապես վերաբերում է այնպիսի հանձնաժողովների գործունեությանը, որոնք զբաղվում են պաշտպանության, արտաքին կապերի, էներգետիկայի, արդյունաբերության հարցերով:

Պետք է նշեմ, որ Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի դիրքորոշումը լրիվ ըմբռնում և աջակցություն է գտել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ղեկավարության կողմից: Մենք ընդհանրապես, վաղուց գերազանց հասկանում ենք միմյանց, և դա վստահություն է առաջացնում ապագայում էլ համագործակցության բեղմնավոր զարգացման համար:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives