March 29, 2024

«Ես չհասցրի վարչապետ դառնալ…»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

Օրերս «Հայլուրի» հյուրն էր ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարութ­յունյանը, որի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

Կառավարության կուրսը շրջադարձային փոփոխություն է կրել

– Վերջին շրջանում կառա­վարության անդամների կողմից որոշակի հայտարարություններ են եղել խորհրդարանին ներկայացված սոցիալ-տնտեսական զարզացման ծրագրում  բարեփոխումներ կատարելու մասին։ Բայց դատե­լով այն սկզբունքներից եւ հիմնադրույթներից, որ նրանք շարադ­րում են՝ ըստ էության դրանք ոչ թե բարեփոխումներ են, այլ, կա­րելի է ասել, առաջարկվող կուրսի շրջադարձային փոփոխություն։ Դուք համաձա՞յն եք այս ձեւակերպմանը, եւ կարո՞ղ ենք արձանագրել, որ կուրսը փաստորեն փոփոխվեց:

– Սկզբունքորեն՝ այո, համաձայն եմ, թերեւս ես էլ եմ այդ տպավորությունը ստանում, իսկ վերջնական եզրակացություններ կարելի է անել, երբ որ ծրագիրը պատրաստ կլինի, կներկայացվի կառավարությանը կամ էլ խորհր­դարանին։ Առայժմ կարելի է են­թադրել, որ կառավարությունը ճիշտ է ընկալել՝ մերժվել է կառա­վարության ոչ թե 93 թվականի գործունեության ղեկավար ցու­ցումներ շարունակող փաստա­թուղթը, այլ այն տնտեսական քա­ղաքականության կոնցեպցիան, որ ընկած է եղել տնտեսական քաղաքականության հիմքում։ Էկոնոմի­կայի բնագավառի ներկայացուցիչ­ները խոսում են այն մասին, որ ըստ էության կառավարության տն­տեսական քաղաքականության մեջ նախատեսվում է շրջադարձ, հրա­ժարում այն մոդելից, որ մինչ այդ ընկած էր շուկայական էկոնոմի­կայի անցման հիմքում ու իրականցվում էր մեր հանրապետութ­յունում եւ անցում կատարել, իմ կարծիքով, ավելի հավասարակշռ­ված, սոցիալական ուղղվածություն ունեցող, մեր պայմաններին ավելի համապատասխան մոդելի։

– Արդյոք այն ուղղություն­ները, որ այժմ առաջարկում է նոր կառավարությունը, Ձեր ղեկավա­րած կառավարության շրջանակնե­րում չեն քննարկվել։

– Կարող եմ բացահայտորեն ասել, որ դրանք նորություն չեն։ Ավելին, դեռեւս իմ վարչապետ եղած ժամանակաշրջանում տարբեր հարցերի շուրջ կառավարական քննարկումների ընթացքում բախվում էին այդ երկու կոնցեպցիաները, այդ երկու մոտեցումները, բախվում էին այն կարեւորագույն հիմնադրույթի շուրջ մոտեցումները, որոնք վերաբերում էին կառավա­րության եւ պետության կարգավո­րիչ ու կառավարող դերին, սեփականաշնորհման տեմպերին եւ մասշտաբներին, իրականացման ձեւերին։ Համոզված եմ, որ այս մոտեցումները ծանոթ էին նաեւ այժմյան ղեկավարներին, միայն այն տարբերությամբ, որ այն ժա­մանակ դրանք մերժվում էին։

– Երբ համաձայնեցիք ստանձնել վարչապետի պաշտոնը, հույս ունեի՞ք կառավարությանը համոզել նոր ուղղվածության անհրաժեշտաթյունը։

– Այո, ես կարծում էի, որ կստացվի համագործակցությունը։ Իմ վարչապետության ժամանակաշրջանում, համենայնդեպս, նման սկզբունքային հարցերի դեպքում փորձել եմ  դեմ գնալ վարչարարությանը, փորձել եմ ավելի շատ համոզել, որպեսզի ներքին համոզմունքով գանք ընդհանուր հայտարարի. նման հարցերում վարչարարությունը չէր կարող օգտակար լինել:

ՀՀ Նախագահի համար այլ հեղինակություններ կային

– «Կառավարության մասին» օրենքի բացակայության պայմաններում, երբ կառավարության կազմը նշանակում է հանրապե­տության նախագահը, նա էլ պատասխանատու պետք է լինի կա­ռավարության գործունեության համար, բայց այնպիսի ավանդույթ է ստեղծվել, որ կառավարությունը ստեղծում է նախագահը, իսկ պատասխանատվությունը կրում է վարչապետը։

– Իրոք, այդպիսի հակասութ­յուն կա։ Եթե հիշում եք, խորհրդարանում իմ ելույթի ժամանակ ես երեք հարց բարձրացրեցի, եւ հարցերից մեկը հետեւյալն էր. գոնե հիմա հստակեցնենք՝ ի՞նչ եք հասկանում կառավարություն ասե­լով, որտե՞ղ են սկսվում նրա իրա­վասությունները, որտե՞ղ ՝ վերջա­նում, ինչպիսի՞ն են նրա փոխհարաբերությունները պառլամենտի հետ, պրեզիդենտի հետ, որովհետեւ այս ամենը բացառիկ կարեւորություն ունի։

Հանրապետության նախագահը, որ պատասխանատու է նաեւ տնտեսական քաղաքականաթյան համար, որքանո՞վ է ազդում այդ քաղաքականության ծեւավորման վրա։  Նախ ասեմ, որ Տեր–Պետրոսյանը, մանրուքների մեջ չխորանալով կամ մանրուքները չիմանալով, ընդհանուր առմամբ կարողանում է կողմնորոշվել տնտեսական քաղաքականության հիմ­նական հարցերում։ Այլ բան է, որ նրա համար գոյություն ունեն հե­ղինակություններ, որոնք եւ հիմք են հանդիսանում նրա՝ այս կամ այն հարցում եզրակացության վերջնական ձեւավորման համար։

– Ուզում եք ասել, որ հին կառավարության կազմում կային մարդիկ, որոնց կարծիքներն ավելի հեղինակավոր էին նախագահի հա­մար, քան վարչապետի՞նը։

– Անկասկած։ Համենայնդեպս, կար հարցերի մի ամբողջ շարք, այդ թվում նաեւ տնտեսական քաղաքականության բնագա­վառում, որտեղ, ենթադրում եմ, բոլոր հավասար պայմաններում Տեր-Պետրոսյանը կնախընտրեր այլ հեղինակություններ։

– Եվ ամենայն հավանակա­նությամբ Ձեր նշած հեղինակութ­յուններից մեկը այսօրվա վարչապետ Հրանտ Բագրատյա՞նն է։ Ի՞նչ կարող եք այդ դեպքում ասել պրն Բագրատյանի՝ որպես տնտեսագետի, սկզբունքայնության մա­սին՝ հաշվի առնելով տնտեսական կուրսի հնարավոր շրջադարձը։

– Բագրատյանի մասին շատ են ասում, շատ են գրում, երբեմն սեւացնում են։ Ես կասեի հետեւյալը. Բագրատյանը, համենայնդեւպս, երբեք չի կեղծել իրեն։ Նա միշտ ասել է այն, ինչ ինքը մտա­ծել է։ Նա կողմնակից էր այդ տն­տեսական քաղաքականությանը, կողմնակից էր շուկայական էկո­նոմիկայի անցման լիբերալ մոդե­լին եւ չէր թաքցնում դա։ Այսինքն՝ ուներ սկզբունք։ Այլ հարց է, որ հիմա նրանք որոշել են տնտեսա­կան քաղաքականության մեջ շր­ջադարձ կատարել։ Ենթադրում եմ, որ Բագրատյանը պետք է դրսեւորի նույն խիզախությունը եւ խոստո­վանի, որ այո, մինչեւ հիմա փոր­ձում էին այլ ճանապարհով գնալ, բայց կյանքը, իրականությունը այլ բան պարտադրեցին։ Այժմ Բագրատյանը ստիպված պետք է լինի նաեւ հայտարարել, որ իրենց միջոցները սպառվել են։ Եթե նա նման հայտարարություն անի, կարծում եմ, կստեղծվեն երաշխիք­ներ, որ հետագայում զերծ կմնանք նման էքսպերիմենտներից։ Սա կարեւոր եմ համարում ու ենթադրում եմ, որ դա պետք է առաջին հեր­թին իրեն եւ կառավարությանը։

Պարենամթերքը կտրոնով բաշխելու հնարավորություն կա, բայց չի օգտագործվում

– Վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք, որ Ձեր ղեկավարած կառավարության կազմում շատ էին մարդիկ, որոնք դեմ էին պարենի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների կտ­րոնավորված բաշխմանը՝ դիտելով դա որպես հակաշուկայական երևույթ։ Կարելի՞ է ենթադրել, որ կային եւ կան ապրանքի որոշ տեսակներ կտրոնով բաշխելու հնա­րավորություններ, եւ միայն հիշ­յալ սկզբունքն է խանգարում։

– Ւրոք, երբ սեպտեմբերին իմ առաջարկությամբ մշակվեց շաքարի, կարագի, ծխախոտի, հե­տագայում նաեւ հացի կտրոնավորման համակարգը, բազմիցս եղել են հայտարարություններ Բագրատյանի կողմից, որ այդ ամենը հակաշուկայական քայլեր են, քայ­լեր դեպի ետ։ Ես ենթադրում եմ, որ դա ուներ նաեւ իր ենթատեքստը վարչապետի գնահատականի առումով՝ նախկին կոմունիստ եւ այլն, եւ այլն։ Բայց այն ժամանակ ես համառորեն պնդեցի, եւ սխալ է, որ դա ընդհատվեց։ Ես այն ժա­մանակ գտնում էի, եւ հիմա էլ գտ­նում եմ, որ կա այդ հնարավորությունը։ Այն ժամանակ էլ ես այն կարծիքին էի, որ նման կտ­րոններ պետք է բաշխել ոչ թե հա­մատարած բոլորին, այլ նրանց, ում եկամուտը իրոք ցածր է նվա­զագույն աշխատավարձից կամ ինչ-որ մի սահմանից, որը չի բավարարում սպառողական զամբյու­ղին, եւ կառավարության հնարա­վորությունները պետք է ուղղել հատկապես այդ խավին։ Սա շատ կարեւոր հարց է, եւ միայն այս ճանապարհով մենք կարող ենք սո­ցիալական լարվածությունը մեղ­մել։ Երբ ես ասում եմ եկամուտ­ների արդարացի վերաբաշխում, դրա տակ գտնում եմ լուրջ մեխա­նիզմներ, որոնք ըստ էության թե՛ մասնավոր, թե՛ պետական սեկտո­րի եկամուտների հաշվառման եւ հարկահավաքման կատարելագործման հնարավորություն են տալիս։ Բազմիցս ասվել է՝ այսօր հարկ­ման ոլորտից դուրս գտնվում է ահավոր մեծ ծավալի ստվերային շրջանառություն։ Եվ խնդիրը ոչ թե այդ շրջանառությունը մերժելն է, այլ այն լեգալացնելը եւ հարկման ոլորտ ընդգրկելը։ Այդ ժամանակ, համոզված եմ, բյուջեն կկատարվի ոչ թե 50-60 տոկոսի սահմաննե­րում, այլ կարող է հասնել մինչեւ 70-80 գուցե եւ ավել տոկոսի։ Կան լրացուցիչ միջոցներ, որոնք կարելի է օգտագործել սոցիալա­կան ոլորտի համար։ Այ, մի դր­վագ գուցե շատ կարեւորի ասածս, դեռեւս նոյեմբեր ամսին ես հանձնարարեցի էկոնոմիկայի նախարա­րությանը, Հրանտ Բագրատյանին, որ նախապատրաստեն կառավա­րության կարգադրություն կամ որոշում՝ սպառման ոլորտի բոլոր օբյեկտներում պարտադիր դրա­մարկղային հաշվառում մտցնելու վերաբերյալ։ Դրանով մենք կարող էինք վերահսկել եկամուտների ճնշող մեծամասնությունը։

Հարկավոր է շահագրգ­ռել հարևաններին

– Մենք չենք կարող չարձա­նագրել, որ քաղաքական առումով Հայաստանը նույնպես հայտնվել է սուր ճգնաժամում։ Ճգնաժամ է խորհրդարանում, ճգնաժամ է կառավարությունում։ Արդյոք ուժեղ նախագահա­կան պոստը, որն արդեն ըստ էութ­յան ներկայացնում է ոչ թե կու­սակցություն, շարժում, այլ, փաս­տորեն, մարդկանց խմբավորում, կարո՞ղ է այդ բեռը տանել իր ուսերին։

– Նախ ասեմ, որ ինքս նախագահական համակարգի կողմնակից եմ: Եվ դեռեւս պառլամենտում քննարկումների ժամանակ բազմիցս ասել եմ, որ մենք անհաջողություններ ունենք թե՛ կառա­վարման համակարգում, թե՛ մեր առօրյա իրականության մեջ։ Անհարթությունները ավելի շուտ կվերագրեի կոնկրետ իրավիճակներին, կվերագրեի միգուցե կառա­վարման հմտության պակասին, գիտելիքների պակասին, փորձի պակասին, բայց ոչ համակարգին։ Այդ համակարգը կենսունակ է, շատ երկրներ այդ համակարգով են ապրում։ Ինչ վերաբերում է կոնկ­րետ ստեղծված իրավիճակին, ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը։ Կարող է առաջին հա­յացքից տարօրինակ թվալ, բայց ես չեմ հավատում մեզ հուզող ազգա­յին հիմնահարցերի քաղաքական կարգավորման հնարավորություն­ներին։

Քանի որ քաղաքականությու­նը տնտեսության շարունակութ­յունն է, տնտեսական շահերի կոնկրետ արտահայտությունն է, հետեւաբար մենք պետք է բանալին փնտրենք ոչ թե քաղաքական կար­գավորման, այլ տնտեսական հա­մագործակցության կոնկրետ ձեւերի կամ տնտեսական համագոր­ծակցության կոնկրետ միջոցների ձեւավորման, ստեղծման մեջ։ Նման համագործակցության հնարա­վորություններ կան։ Ես ինձ միշտ հարց էի տալիս՝ ինչո՞ւ ենք վատ ապրում։ Թողնենք այն, որ վատ ենք ապրում, որովհետեւ վատ ենք կառավարում կամ կառավարել չգիտենք։ Ես որպես վարչապետ ինքս էլ ասել եմ, որ կես տարվա մեջ վարչապետ նույնիսկ չհասցրի դառնալ։ Որովհետեւ վարչապետ այդպես միանգամից չեն դառ­նում, դա փորձ է, գիտելիքներ, ըն­դունակություն, ունակություն, դրանք պետք է գան, բայց թողնենք դա։ Վատ ենք ապրում, որովհե­տեւ, ասում ենք, շրջափակման մեջ ենք։ Իսկ ինչո՞ւ ենք շրջափակման մեջ։ Որովհետեւ մեր հարեւաննե րից ոչ մեկին ձեռնտու չի, որ մեր կոմունիկացիաները գործեն։ Հետեւարար հարկավոր է գնալ այն ճանապարհով, որ նրանք դրանում շահագրգռված լինեն։ Կա այդ հնարավորությունը, կան հնարավո­րություններ, որ Թուրքիան կամ Ադրբեջանը, նույն Պարսկաստանը ոչ պակաս շահագրգռված դառ­նան, որ մեր երկաթգիծը աշխատի։ Ոչ պակաս շահագրգռված դառ­նան, որ, ասենք, մենք ունենանք գազի նորմալ մատակարարում։

ՀՀՇ-ն իշխող քաղաքա­կան կազմակերպություն է

– Վերջին շրջանում Ձեր հա­ճախակի ելույթները «Ազգ» թերթում եւ այն, որ «Թեքեյան» մշակութային միությունը Ձեզ առաջարկել է պատգամավորության թեկնածու, կարո՞ղ են արդյոք վկայել Ձեր գաղափարական հարա­զատությունը ՀՌԱԿ–ին։

– Առաջիկայում երեւի երկար ժամանակ ես չեմ մտնելու որեւէ քաղաքական կազմակերպության մեջ. սա իմ կրեդոն է։ Ընդհանրապես ես հակված եմ դեպի կենտ­րոն։ Ծայրահեղություններն ինձ համար չեն, իմ խառնվածքին բնո­րոշ չեն։ Ինքս գտնում եմ, որ քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստն է, կոմպրոմիսները հնա­րավոր են միայն հանդուրժողական մթնոլորտում։ Եվ ինձ մոտ հա­մակրանք են առաջացնում այն մոտեցումները, որոնք քաղաքական հայացքների սպեկտրի կենտրոնում են։ Ինչ վերաբերում է կոնկրետ ՀՌԱԿ-ին, բոլորովին չեմ էլ մտածել անդամակցելու մասին։ «Թեքեյան» միության առաջադրու­մը ինձ համար նույնիսկ անակն­կալ էր, չնայած հետո իմ շնորհա­կալությունն եմ հայտնել։ Նրանց պլատֆորմի, հայացքների մեջ շատ բան ինձ մոտ է։ Կարծում եմ, որ ՀՌԱԿ-ին պակասում է վճռակա­նությունը։ Իսկ քաղաքական կազմակերպությունների առումով ես բոլորովին հակված չեմ որեւէ քա­ղաքական կազմակերպության ան­դամագրվելու։

– Ձեր կարծիքով, որքանո՞վ է բազմազան Հայաստանի քաղաքա­կան սպեկտրը եւ որո՞նք են այն քաղաքական ուժերը, որ այս կամ այն կերպ կարողանում են ազդե­ցություն ունենալ վարվող քաղա­քական կուրսի վրա։

– Կարծում եմ՝ այդ քաղա­քական ուժերը հիմնականում ներ­կայացված են խորհրդարանում։ Ասեմ, որ քաղաքական կուրսի վրա ազդեցության ճանապարհը ես տեսնում եմ խորհրդարանի միջո­ցով։ Քաղաքական հիմնական վե­ճերը պետք է լինեն միայն խորհր­դարանում։ Իմ խորին համոզմամբ, եթե մենք որեւէ արժեք Արեւմուտքի կամ այլ երկրների մոտ ներկա­յացրել ենք, ապա միայն այն պատճառով, որ նույնիսկ այսպիսի ծանրագույն պայմաններում ժո­ղովրդավարական այդ կարեւոր ինստիտուտը՝ խորհրդարանը, այ­նուամենայնիվ, գործում է եւ քա­ղաքական կազմակերպությունների գործողությունները դուրս չեն գա­լիս ժողովրդավարական ընդուն­ված ձեւից։ Ես ենթադրում եմ, որ այդ ուժերն են Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Ռամկա­վար Ազատական կուսակցությու­նը, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, որ նույնպես ազդեցություն ունի խորհրդարա­նում, ՀՀՇ-ն վերջին հաշվով։

– Դուք ՀՀՇ-ն համարո՞ւմ եք իշխող քաղաքական կազմակերպություն։

–Այո։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives