May 26, 2018
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան

Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան

  • by Archives.am
  • 101 Years ago
  • Comments Off

Թարգմանություն ռուսերենից
2/15 նոյեմբերի, 1917 թ.

Բանվորների և գյուղացիների Հոկտեմբերյան հեղափոխությունն սկսվեց ազատագրման ընդհանուր դրոշի տակ։ Ազատագրվում են գյուղացիները կալվածատերերի իշխանությունից, որովհետև այլևս չկա հողի կալվածատիրական սեփականություն — այն վերացված է։ Ազատագրվում են զինվորներն ու նավաստիները ինքնակալական գեներալների իշխանությունից, որովհետև գեներալներն այսուհետև կլինեն ընտրովի և փոխարինելի։ Ազատագրվում են բանվորները կապիտալիստների քմահաճույքներից և կամայականություններից, որովհետև այսուհետև գործարանների և ֆաբրիկաների նկատմամբ կսահմանվի բանվորների հսկողություն։ Բոլոր կենդանի և կենսունակ մարդիկ ազատագրվում են ատելի կապանքներից։

Մնում են Ռուսաստանի ժողովուրդները, որոնք ենթարկվում էին և ենթարկվում են կեղեքման ու բռնության, որոնց ազատագրումը պետք է սկսել անմիջապես, որոնց ազատագրումը պետք է կատարվի վճռաբար և անդարձորեն։

Ցարիզմի դարաշրջանում Ռուսաստանի ժողովուրդներին սիստեմատիկ կերպով գրգռում էին միմյանց դեմ։ Հայտնի են այդ քաղաքականության հետևանքները՝ մեկ կողմից — կոտորածներ և ջարդեր, մյուս կողմից — ժողովուրդների ստրկություն։

Չկա և չպետք է լինի վերադարձ դեպի հրահրման այդ խայտառակ քաղաքականությանը։ Այսուհետև այն պետք է փոխարինվի Ռուսաստանի ժողովուրդների կամավոր և ազնիվ դաշինքի քաղաքականությամբ։

Իմպերիալզիմի շրջանում, Փետրվարյան հեղափոխությունից հետո, երբ իշխանությունն անցավ կադետական բուրժուազիայի ձեռքը, հրահրման անսքող քաղաքականությունը (իր) տեղր զիջեց Ռուսաստանի ժողովուրդների նկատմամբ երկչոտ անվստահության քաղաքականությանը, ժողովուրդների «ազատության» և «հավասարության» մասին բանավոր հայտարարություններով սքողվող բծախնդրությունների և պրովոկացիաների քաղաքականությանը: Հայտնի են այդ քաղաքականության հետևանքները՝ ազգային թշնամանքի ուժեղացում, փոխադարձ վստահության վիժեցում։

Պետք է վերջ դրվի խաբեության և անվստահության, բծախնդրությունների և պրովոկացիաների այդ անվայել քաղաքականությանը։ Այսուհետև այն պետք է փոխարինվի բացահայտ ու ազնիվ քաղաքականությամբ, որը տանելու է դեպի Ռուսաստանի ժողովուրդների կատարյալ փոխադարձ վստահությունը։

Միմիայն վստահության այդպիսի քաղաքականության հետևանքով կարող է ստեղծվել Ռուսաստանի ժողովուրդների ազնիվ և հաստատուն դաշինքը։

Միմիայն այդպիսի դաշինքի հետևանքով կարող են Ռուսաստանի ժողովուրդների բանվորներն ու գյուղացիները զոդված լինել որպես հեղափոխական մի միասնական ուժ, որն ընդունակ է դիմանալու իմպերիալիստական-անեքսիոնիստական բուրժուազիայի ամեն տեսակ ոտնձգությունների դեմ։

Այս տարվա հունիս ամսին Սովետների Համագումարը հռչակեց Ռուսաստանի ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը:

Այս տարվա հոկտեմբեր ամսին Սովետների Երկրորդ Համագումարը Ռուսաստանի ժողովուրդների այդ անկապտելի իրավունքը հաստատեց ավելի վճռաբար և որոշակիորեն։

Կատարելով այդ Համագումարների կամքը, ժողովրդական կոմիսարների Սովետը որոշեց Ռուսաստանի ժողովուրդների հարցի բնագավառում իր գործունեության հիմքում դնել հետևյալ սկզբունքները՝

Ռուսաստանի ժողովուրդների հավասարությունը և սուվերենությունը։

Ռուսաստանի ժողովուրդների ազատ ինքնորոշվելու ընդհուպ մինչև անջատվելու և անկախ պետություն կազմավորելու իրավունքը։

Ազգային և ազգային-կրոնական բոլոր և ամեն տեսակ արտոնությունների և սահմանափակումների վերացումը։

Ռուսաստանի տերիտորիայում բնակվող ազգային փոքրամասնությունների և էթնոգրաֆիկ խմբերի ազատ զարգացումը։

Այստեղից բխող կոնկրետ դեկրետները կմշակվեն ազգությունների գործերի հանձնաժողով կազմելուց անմիջապես հետո;

Ռուսական Հանրապետության անունից

Ժողովրդական կոմիսարների սովետի նախագահ՝

Վ. Ուլյանով (Լենին)

Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար՝

Իոսիֆ Ջուղաշվիլի-Ստալին

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives