March 28, 2024
  • Homepage
  • >
  • Multimedia
  • >
  • Photo
  • >
  • Լ. Տեր-Պետրոսյան. «Քաղաքական գործիչ չեն ծնվում»

Լ. Տեր-Պետրոսյան. «Քաղաքական գործիչ չեն ծնվում»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 6 ապրիլի, 1991թ., շաբաթ

Մեր թղթակից Վ. Սավիչևը Երևանում հանդիպեց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

— Պարոն Տեր-Պետրոսյան, Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) ակտիվորեն ձգտում է համահայկական հանրաքվեի շուտափույթ անցկացմանը, որը պետք է պատասխան տա Հայաստանի անկախության հարցին։ Դուք, ինչքան ինձ հայտնի է, այլ տեսակետ ունեք։ Որո՞նք են տարբերությունները։

— Ի տարբերություն ԱԻՄ-ի լիդերների, մենք ձգտում ենք հաշվի առնել իրերի իրական վիճակը։ Մենք նպատակ չենք դրել գնալ միութենական իշխանությունների հետ ուղղակի առճակատման։ Մենք անկախության հասնելու հանգիստ ու բնական ճանապարհների կողմնակից ենք։ Այդ գործընթացը բարդ է ու երկարատև, և միայն հռչակագրերով ոչնչի չես հասնի։ Ասեմ ավելին՝ մենք դեմ չենք միության կազմից հանրապետությունների դուրս գալու խորհրդային օրենքներին, 5 տարին այդ լուրջ քայլին պատրաստվելու ընդունելի ժամանակահատված է։ Լրիվ անկախության հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել իրական նախադրյալներ։

— Ի՞նչ նախադրյալներ են դրանք։

— Այդ ժամանակամիջոցում մենք պետք է կողմնորոշվենք Միության և առանձին հանրապետությունների հետ մեր հարաբերություններում, ամուր կապեր հաստատենք արտաքին աշխարհի հետ, ստեղծենք տնտեսության մեր, թող որ առայժմ ոչ մեծ, ինքնուրույն հատվածը։ Տնտեսություն, որի հզորությունների 90 տոկոսը ինտեգրված է ԽՍՀՄ էկոնոմիկայում։ Մենք պետք է ընդլայնենք մեր բաժինը գոնե մինչև 25-30 տոկոս։

— Ինչի՞ հաշվին եք ենթադրում հասնել դրան։

— Ամենից առաջ արմատական ռեֆորմների անցկացման. Հողի և մանր ու միջին ձեռնարկությունների մասնավոր սեփականության հաստատում։ Նմանապես՝ գործնականում մասնավոր ենք ուզում դարձնել սպասարկման ամբողջ ոլորտը։ Ընդունված են համապատասխան օրենքներ, որոնք ակտիվորեն ներդրվում են կյանքում։

— Հողի մասին օրենքը կարևորագույններից է։ Նրա կիրառումը հանդիպո՞ւմ է որևէ դիմադրության։

— Դիմադրություն, իհարկե, կա, բայց ոչ թե կոմկուսի կողմից, ինչպես, ասենք, Ռուսաստանում, այլ՝ տեղական «կալվածային իշխանիկների», որոնք իշխանությունն ու տաքուկ տեղը կորցնելու ահից գյուղացուն ներշնչում են, թե վաղը կարող են նորից հողը հետ խլել, թե՝ տեխնիկայով, պարարտանյութերով և այլնով չեն ապահովի։

— Ձեր կարծիքով, միութենական հանրաքվեի արդյունքներն ինչպե՞ս կազդեն Միության և մասնավորապես՝ Հայաստանի ճակատագրի վրա։

— Ամենասկզբից էլ այդ միջոցառումը ես դիտել եմ իբրև կենտրոնի՝ իր իշխանությունն ամրապնդելուն միտված պրոպագանդիստական մանևր։ Իրական կյանքում այն բացարձակապես ոչինչ չի փոխի։ Այսօր ոչ մի հանրապետություն չի հրաժարվի իր նվաճումներից, ինչը բոլորովին հաշվի չեն առնում կենտրոնական իշխանությունները։

— Իսկ ի՞նչ կասեք միութենական դաշնագրի մասին։

— Ես ներկա եմ լինում Ֆեդերացիայի խորհրդի բոլոր նիստերին և գիտեմ, թե ինչպես է այն նախապատրաստվել։ Չեմ խոսի դրա բոլոր թերությունների մասին։ Ասեմ գլխավորը՝ առաջարկվող դաշնագրի ելակետը այսօրվա օրը չէ։

— Բայց հանրապետությունների հետ էլ Հայաստանը դեռևս չի կնքել ոչ մի պայմանագիր։ Ինչո՞ւ։

— Դրա պատճառը ներքին հիմնահարցերն են, որոնց լուծումից այսօր չես փախչի. աղետի գոտի, 300 հազար փախստականներ, Ղարաբաղ… Այսուհանդերձ, խորհրդարանական խմբերի մակարդակով պայմանագրի կնքման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պատրաստված են, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի հետ։

— Մի շարք հանրապետություններ արդեն պայմանագրեր են կնքել, սակայն արդյունքները, ասենք՝ մթերային կամ արդյունաբերական մատակարարումների գծով, չեն երևում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ:

— Կարծում եմ, հանրապետությունները դեռևս չեն գիտակցում, որ իրենց գործողությունների համար պետք է մշակեն ընդհանուր պլատֆորմ, նրանք դեռ հանրապետական էգոիզմից չեն «բուժվել»: Միայն երկկողմանի պայմանագրերով ոչինչ լուծել չի հաջողվի:

— Ինչքան կշարունակվի այդ «հիվանդությունը»:

— Կարծում եմ՝ ոչ երկար: Կենտրոնը կստիպի շտապել:

— Մասնավոր սեփականությունը ձեր ներքին քաղաքականության հիմքն է: Հայաստանի ապագան կապիտալիստակա՞ն է:

— Չնայած մեր բռնած կուրսին, դեռ երկար ժամանակ պետական սեփականությունը կգերակայի: Այնպես որ, եթե կապիտալիզմ է, ապա՝ պետական կապիտալիզմ:

— Ինչպե՞ս են ձևավորվում ձեր հարաբերությունները մերձավոր հարևանների հետ: Ես վերջերս եղել եմ Վրաստանում, ուր լսեցի մտքեր այն մասին, որ Հայաստանն ինչ-որ տարածքային պահանջներ ունի այդ հանրապետությունից:

— Դե, նման խոսակցությունները, եթե դրանք կան էլ, ոչ մի հիմք չունեն: Վրաստանի հետ հարաբերությունները մենք դիտում ենք իբրև ավանդական-բարեկամական, մտադիր ենք հետագայում էլ պահպանել ավանդույթները: Մեզ մտահոգում է միայն, որ այնտեղ ապրող հայերը ունենան բնիկներին հավասար իրավունքներ ու հնարավորություններ:

— Ո՞ր սկզբունքներն են գերակշռում Ձեր քաղաքականության մեջ՝ ազգայի՞ն, թե՞ համամարդկային:

— Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ) իր էությամբ ազգային-համաժողովրդական է: Եվ այդ սկզբունքը մեզ համար անբաժանելի է, զի ազգայինն առանց ժողովրդավարության տանում է ազգայնամոլության, իսկ մերկ ժողովրդավարությունը՝ աշխարհաքաղաքացիության (կոսմոպոլիտիզմի): Ոչ մեկը, ոչ մյուսը մեզ համար ընդունելի չեն: Մեր նպատակը իրավական պետության և ժողովրդավարական հասարակության ստեղծումն է:

— Մ. Գորբաչովի և Բ. Ելցինի անուններն այսօր մյուսներից հաճախ են հնչում: Ինչպե՞ս են ձևավորվում Ձեր հարաբերությունները այդ քաղաքական գործիչների հետ:

— Պրեզիդենտին բավականին հաճախ եմ հանդիպում Ֆեդերացիայի խորհրդում, հարաբերությունները զուտ գործնական են: Ինչ-որ համակրանք կամ հակակրանք մեր միջև չկա, ես նրան ընդունում եմ իբրև քաղաքական գործիչ, պարտնյոր, որի հետ գործ ունեմ: Ելցինի նկատմամբ մարդկային համակրանք եմ տածում և հարգում եմ նրան իբրև քաղաքական գործիչ: Մենք շատ հազվադեպ ենք շփվում, սակայն երբ հարկ է լինում լուծել ընդհանուր հարցեր, նա արագ ու վճռական, առանց բյուրոկրատական քաշքշուկների է գործում: Դա ինձ դուր է գալիս:

— Կա՞ տարբերությունը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի միջև:

— Իհարկե: Ես քաղաքագետ չէի, երբ Ղարաբաղյան շարժում մտա: Ես գիտնական էի, բանասիրության դոկտոր, սիրում էի իմ գործը, վատ հաջողություններ չունեի՝ իմ աշխատությունները տպագրվում էին և՛ Միությունում, և՛ արտասահմանում:

— … Եվ այդ բոլորը փոխարինեցիք միտինգներով, քաղաքական պայքարով, կիսամյա բանտարկությամբ և հանրապետության ղեկավարի պոստում մշտական «գլխացավանքով»…

— Գալիս է մի պահ, երբ պիտի ընտրություն կատարես: Ինձ այդ անել պարտադրեց հայ մտավորականի պարտքը: Եվ ոչ միայն ինձ: Իմ բոլոր զինակիցներն անցել են «Ղարաբաղի» քաղաքական դպրոցը, մենք սովորել ենք միմյանցից և այդ տարիներին, ինձ թվում է, ձեռք ենք բերել համակարգված քաղաքական մտածողություն: Ես շնորհապարտ եմ «Ղարաբաղ» կոմիտեին և Հայոց համազգային շարժմանը այն ամենի համար, ինչ ինձ տվել են նրանք: Իսկ ընդհանրապես ես առաջին անգամ 10 օր «նստել եմ» «բուռն» քաղաքական գործունեության համար դեռևս ուսանողական տարիներին՝ 60-ական թվականներին: Այն ժամանակ այնքան խիստ չէին:

— Դուք ունե՞ք ընտանիք, երեխաներ…

— Այո, կին և 16-ամյա որդի, որ ավարտում է դպրոցը:

— Ունե՞ք ազատ ժամանակ, հրապուրանքներ:

— Ոչ: Մենք աշխատում ենք առավոտյան 9-ից մինչև գիշերվա ժամը 1-ը, երբեմն նաև գիշերը՝ առանց հանգստյան օրերի ու արձակուրդների, այդ պատճառով այլ բանի ժամանակ չի մնում:

— Ունե՞ք ինչ-որ արտոնություններ:

— Զրահապատ «Մերսեդես» և կառավարական ամառանոց, ուր ապրում է իմ ընտանիքը և 900 ռուբլի աշխատավարձ՝ ահա ամբողջ արտոնությունը: Մեքենան ու ամառանոցը անվտանգության նկատառումներով են տրամադրված, աշխատավարձս ԳԽ նախկին նախագահի դրույքն է:

— Շատ մարդիկ, որոնց հետ ես զրուցեցի փողոցներում, ասում են, որ ներկա ղեկավարներին կարելի է մեղադրել ամեն ինչում՝ բացառությամբ կաշառակերության: Դրանից ես եզրակացնում եմ, որ դա Հայաստանի համար բոլորովին էլ անտեսելու հարց չէ…

— Այդ հիմնախնդիրն իսկապես կա: Քաղաքական իշխանությունն արդեն ուրիշ է, բայց կառուցվածքները մնում են նախկինը: Այդ համակարգի դեմ բռնությունների մեթոդով պայքարելն անօգուտ է՝ դրա օրինակները շատ են: Միաժամանակ ժողովուրդը պահանջում է տարրական սոցիալական արդարություն: Այդ չարիքից ազատվել հնարավոր է միայն տնտեսական ռեֆորմների միջոցով:

— Արդեն այժմ Հայաստանում զգացվում է մթերքների անբավարարություն: Ի՞նչ է սպասվում մարդկանց:

— Առայժմ ամեն ինչ պիտի անենք, որ հանրապետությունը սովի չմատնվի՝ մթերքներ կգնենք հանրապետություններից ու արտասահմանից: Դե, իսկ վաղը՝ մեծ հույսեր ենք կապում սեփականաշնորհման հետ: Հայաստանի հողը հարուստ է, ժողովուրդն՝ աշխատասեր:

— Եվ, այնուհանդերձ, Հայաստանի ամենացավոտ հիմնահարցը Ղարաբաղն է: Որո՞նք են դրա լուծման հեռանկարները:

— Նման հիմնահարցերը լուծվում են կամ պատերազմով կամ երկխոսությամբ: Պատերազմ ոչ ոք չի ուզում՝ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը: Նշանակում է՝ երկխոսություն: Մենք դրան գնացինք: Ես մի անգամ չէ, որ հանդիպել եմ Մութալիբովի հետ, հանդիպումներ են ունեցել նաև մեր պառլամենտականները: Դրանից դեռևս շատ քիչ օգուտ է եղել: Ժամանակը ձգվում է և դա, ըստ երևույթին, ձեռնտու է ադրբեջանական կողմին:

— Ի՞նչ ելքեր եք տեսնում:

— Ամենից առաջ կենտրոնը պետք է վերականգնի տեղական խորհրդային իշխանությունը, որը հենց ինքն է լուծարել: Միայն մարզխորհրդի իշխանության լուծարումից հետո է հնարավոր Ադրբեջանի հետ արդյունավետ երկխոսությունը:

«Արգումենտի ի ֆակտի», թիվ 14, 1991թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives