March 28, 2024

Միշտ անակնկալ Ռուբեն Հախվերդյանը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Ռուբեն Հախվերդյան

«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390)

Հանրածանոթ ու սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը մեկնել է Փարիզ։

Եթե մեկ տարի առաջ երգչի բազմահազար երկրպագուները սրտատրոփ սպասում էին Փարիզում ընթացող ծանրագույն վիրահատության բարեհաջող ելքին, ապա այսօր, երգչին դարձյալ Փարիզ ճանապարհելով, նրան մաղթում են ստեղծագործական ծրագրերի իրանանացում։

Այս անգամ Ռուբեն Հախվերդյանը Ֆրանսիա է մեկնել իր երգերը ձայնասկավառակների վրա գրանցելու մտադրությամբ։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, եւ այդ ձայնասկավառակները թողարկվեն, երգչի արվեստի սիրահարները կստանան հիանալի նվեր։ Այս անգամ Ռուբենի երգերը կհնչեն ոչ թե կիթառի, այլ էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Իրականացվել է հսկայական աշխատանք, որի նախապատրաստությունն սկսվեց դեռեւս 1992-ի գարնանը եւ շարունակվեց ձմռան ցուրտ ամիսներին։ Ձայնագրվել է երկու տասնյակի չափ երգ, որոնք կգրանցվեն երկու սկավառակի վրա։ Մեկը մանուկների համար գրված երգերն են, եւ, նախնական պայմանավորվածությամբ, կկրի «Քեզ համար, պստիկս» անվանումը, մյուսը՝ «Ես հիշում եմ» անվանումով, կընդգրկի երգեր սիրո, նվիրումի, մարդկային բարդ ու նուրբ փոխհարաբերությունների մասին եւ իհարկե երգեր՝ նվիրված մանկության քաղաքին՝ սիրելի Երեւանին։

Ռուբեն Հախվերդյան

Ռուբեն Հախվերդյան, 1993թ.

…Երգում է Ռուբենը ստուդիայի ցուրտ ու սառը սենյակում, եւ երգը հնչում է որպես մելոդիկ հուշ, նոստալգիա սիրելի քաղաքի լավ օրերի մասին, երգում է անպայման հավատով, որ գալու են ավելի լավ ժամանակներ, հավատում է, որովհետեւ իրապես սիրում է իր ծննդավայրն ու նրա մարդկանց։ Ռուբենն այսօր ապրում է մեզ հետ, մեր կյանքով, այս «անտերուդուս անտերության» պայմաններում։

Ռուբենին երբեմն այնքան քիչ բան է պետք, կիրակնօրյա պտույտներ «վերնիսաժում», շուկայում տան համար արվող գնումներ, որն անպայմանորեն գողտրիկ արարողության է վերածվում։ Արդյունքում կարող են տուն բերվել նաեւ ոչ փառահեղ կանաչեղեն, լավաշ ու մրգեր, բայց «էստեղ դա չի կարեւորը», այլ այն, որ դրանք գնվել են «նռան հատիկ» մի տատիկից, բակունցյան կերպարի մի պապիկից կամ աննման գեղեցկության, կարմրաթուշ մի գեղջկուհուց։ Ռուբեն Հախվերդյան մարդու գրեթե բոլոր օրերը լի են մանր ու մեծ բարեգործություններով. լինի փողոցում մոլոր կանգնած մի ծերունու հանդեպ, մի տատիկի՝ մետրոյում կորած, ծանոթ չունեցող մի ընտանիքի, հիվանդ ընկերոջ, զոհվածի այրու կամ մոր հանդեպ, նեղության մեջ ընկած հարեւանի, նեղված անծանոթի։ Բոլորի համար Ռուբենը ճար ու հնար ունի, իր սուղ միջոցներից մաս ունի տալու, ի՞նչ մաս, հաճախ՝ ամբողջն ու լրիվ։ Սա, երեւի, նրա ամենամեծ հաճույքն ու հպարտությունն է, ուրախությունն այս տխուր օրերում։ Բոլոր այս ու այլ զգացողությունների մասին երգում է նա, երգում է ու գոհ է, քանի որ աշխատում է, ստեղծագործական պրպտումների մեջ է։ Իր երգերն այժմ հնչելու են նաեւ սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ. նվագախմբի երաժիշտները նվագում են սիրով, միաբերան պնդում, որ տանն իրենց որդիներն ու դուստրերը անվերջ Ռուբենի երգերն են լսում։ Դե իհարկե, հաճելի է ու շոյող, երբ ձայնագրության աշխատանքները ընթանում են նման մթնոլորտում։ Հավանաբար ձայնագրությունների այդ օրերն անմոռաց կմնան. «Ինձ մնում էր միայն երգել։ Ամենահեշտ գործն իմն էր», – սիրում է կրկնել նա ու անվերջ վկայակոչել իր գործընկերների տքնաջան աշխատանքը։ Ու մինչ ամենուր բոլորի շուրթերին խոսակցություններ են տիրող անմխիթար, հուսահատ իրավիճակի, կյանքի բոլոր ու հատկապես մշակույթի ասպարեզում առկա խոր ճգնաժամի մասին, բանաստեղծ, երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանը շարունակում է ստեղծագործել, արարել՝ հուրախություն իր արվեստը գնահատողների։

Փարիզ մեկնելուց առաջ Ռուբեն Հախվերդյանից իմացանք, որ ստեղծագործելու նրա սիրած պահը գիշերն է, սիրելի երգիչը՝ Ժակ Բրելը, բանաստեղծը՝ Համո Սահյանը, նաեւ Ֆրանսուա Վիյոնը, թուլությունը՝ իր դուստրը՝ Սոնան, ուժը՝ հայոց լեզուն։

Մեր մյուս հարցերին նրա տված պատասխանները՝ Փարիզից վերադառնալուց հետո։

Շուշանիկ Արզաքանյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives